INNOTEK դասարան՝ ՃՇՀԱՀ միջին մասնագիտական կրթության քոլեջում

26 May

 

Երևան, 2025 թ. մայիսի 22 – Շինարարական ոլորտում նոր որակի կրթությանը նպաստելու նպատակով INNOTEK ընկերությունը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հետ համագործակցությամբ ՃՇՀԱՀ միջին մասնագիտական կրթության քոլեջում ստեղծել է պրակտիկ ուսուցման ժամանակակից դասարան։ 

Նախաձեռնության շրջանակում քոլեջի ուսանողները հնարավորություն կունենան շինարարության առաջատար տեխնոլոգիաների կիրառմամբ գործնական հմտություններ ձեռք բերել։

Նորաբաց դասարանը համալրված է ժամանակակից սարքավորումներով, որոնք թույլ կտան ուսանողներին աշխատել իրական պայմաններին մոտ միջավայրում։ Բացի գործնական ուսուցումից, ծրագիրը ներառում է նաև տեսական դասընթացներ՝ էլեկտրատեխնիկա և նյութագիտություն։ Ուսուցման գործընթացում ներգրավված են լինելու ինչպես ՃՇՀԱՀ միջին մասնագիտական կրթության քոլեջի ուսուցիչներն, այնպես էլ արտերկրից հրավիրված՝ INNOTEK-ի բարձրակարգ մասնագետները։

«Մենք հավատում ենք, որ որակյալ արդյունքը սկսվում է ճիշտ կրթությունից։ Այս նախաձեռնությամբ INNOTEK-ն իր ներդրում է կատարում նոր սերնդի մասնագիտական զարգացման մեջ՝ միավորելով տեսությունը պրակտիկայի հետ, բուհին թույլ տալով կրթել աշխատաշուկայի միջազգային պահանջներին համապատասխանող կադրեր քաղաքացիական ու արդյունաբերական շինարարության ոլորտում: Շինարարության կառավարումը զարգացող ոլորտ է ու հատկապես Հայաստանում՝ մեզ պետք են որակյալ, բանիմաց, ոլորտի արդի պահանջներով առաջնորդվող մասնագետներ», – նշել է INNOTEK ընկերության հիմնադիր Միհրան Մեհրաբյանը։
 

 

Այս նախաձեռնությունն INNOTEK-ի կողմից իրականացվող կրթական ծրագրերի հերթական քայլն է՝ ուղղված շինարարական ոլորտում մասնագետների վերապատրաստման և որակի բարձրացմանը։

INNOTEK լսարանի բացման պաշտոնական միջոցառմանը ներկա էին ՃՇՀԱՀ ռեկտոր Մանուկ Բարսեղյանը, Աշխատակազմի ղեկավար Փայլակ Կարապետյանը, ռեկտորի խորհրդական Արման Առաքելյանը, դասախոսական կազմը, ուսանողները և ոլորտի այլ ներկայացուցիչները։

ՃՇՀԱՀ ռեկտոր Մ. Բարսեղյանը միջոցառման ժամանակ նշեց. «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի համար կրթության պրակտիկ բաղադրիչի զարգացումը եղել և շարունակում է մնալ ռազմավարական ուղղություն։ INNOTEK ընկերության հետ համագործակցությամբ ստեղծված այս լսարանը խոսում է այն մասին, որ մասնագիտական կրթությունը պետք է հիմնվի ոչ միայն տեսական գիտելիքների, այլև գործնական փորձառության վրա։ Մենք վստահ ենք, որ այս նախաձեռնությունը կդառնա մի հարթակ, որտեղ ուսանողները կհզորացնեն իրենց գիտելիքները, կկառուցեն մասնագիտական վստահություն և կձևավորեն աշխատաշուկայի պահանջներին համապատասխան հմտություններ»։